Լենինականի վերջին բանաստեղծը. Խաչատուր Վարդպարոնյան

Արաքս Մարգարյան

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Մեր օրերում այն ամենը, ինչ առնչություն ունի Խորհրդային Միության և սոցռեալիզմի հետ, անվերապահորեն ընկալվում է ժամանակավրեպ ու հնաոճ: Անտեսվում է հանգամանքը, որ 70 տարիների ընթացքում ինչ հզոր մշակույթ էր ձևավորվել Խորհրդային Հայաստանում, առաջընթաց էր տեղի ունեցել քաղաքաշինության, կերպարվեստի, երաժշտության, թատերական արվեստի, կինոարվեստի ասպարեզներում: Եվ իհարկե, այս ամենը չէր իրականանա, եթե չտարվեր հետևողական և նպատակային քաղաքականություն, որի իրագործողներից մեկը Լենինականում, անշուշտ, եղավ Խաչատուր Վարդպարոնյանը: Գեղանկարիչ, դիզայներ Վարդպարոնյանը իր ստեղծագործական լավագույն տարիները նվիրեց հայրենի քաղաքին, եղավ քաղաքի գլխավոր նկարիչը, ղեկավարեց Լենինականի նկարիչների միությունը: Հարյուրավոր նկարիչների օգնեց կայանալ ու ցուցադրվել`մոռանալով իր մասին: Այդ է պատճառը, որ մինչ օրս նրա ստեղծագործությունները անծանոթ են հասարակությանը. տաղանդավոր գեղանկարիչը անհատական ցուցահանդես երբևէ չի ունեցել….
Վարդպարոնյանը առանձնակի սերը Հակոբ Հովնաթանյանի արվեստի նկատմամբ արտահայտվել է 1980-ական թթ ստեղծված <<Պարտեզում վարդ է բացվել>>, <<Ջիվանյանի դիմանկար>>, << Պատուհանի մոտ>> գործերում, որոնք մեզ տեղափոխում են XIX դար: Այստեղ <<ապրում>> են ուժեղ, գեղեցիկ, լույսով առլեցուն մարդիկ…. ժամանակը ասես կանգ է առել Վարդպարոնյանի դիմանկարներում, որոնցում չկան կրքեր, տառապանքներ, հուսահատություն: <<Պարտեզում վարդ է բացվել>> նկարում կարելի է տեսնել ազգագրական տարազով կաշկանդված նորահարսին, <<Ջիվանյանի դիմանկարում>>՝ ինքնավստահ ու հաջողակ նկարչին: Նկարների կոմպոզիցիան, հերոսների ձեռքերը, շքեղ տոնական հագուստները հիշեցնում են Հովնաթանյանի դիմանկարները, սակայն Վարդպարոնյանը, ի տարբերություն մեծ նախորդի, սիրում ու հաճույքով է նկարում է հետին պլանը: Նրա հերոսները ապրում են մի առանձնահատուկ հոգևոր տիրույթում՝ իրենց լինելիությամբ փոքր-ինչ զարդարելով գորշ իրականությունը….
Վարդպարոնյանին իրավամբ կարելի է Լենինականի ամենանվիրյալ գեղանկարիչը համարել: Անվերջ սիրահարի աչքերով նկարիչը զննում է իր քաղաքի յուրաքանչյուր անկյունը, նորանոր դիտակետներից անվերջ հիանում նրա պոետիկ ու միաժամանակ խիստ գեղեցկությամբ: <<Կեսօր>>, <<Գյումրի>>, <<Յոթ վերք եկեղեցին>> կտավները կատարված են տաք ու սառը գույների համադրությամբ. նկարիչը ընկալել է Շիրակ աշխարհի ամենաբնորոշը՝ բնության կոնտրաստը, երբ զով առավոտին հաջորդում է շոգ կեսօրը, իսկ ցուրտ ձմռանը՝ տոթ ամառը: Բնության այդ հարափոփոխ ընթացքը սուբլիմավորված է նրա կտավներում: Հաճախ Լենինականը դիտարկում է թռչնի բարձրությունից՝ տարբեր դիտակետերով նայված տներից կազմելով ինքնատիպ խճանկար:
<<Հին Լենինական>>, <<Հին թաղամաս>>, <<Ձմեռ Գյումրիում>> կտավներում կա կարոտախտ, թախիծ, կորցնելու ու վերագտնելու անվերջանալի կենսափիլիսոփայություն….
Ավելի ազատ է դառնում նկարչի վրձինը, երբ նա ստեղծում է հայրենի բնապատկերներ՝<<Գյուղը լեռներում>>, <<Արագած>>, <<Խոր Վիրապ>>, որոնք բացահայտում են հայրենի բնաշխարհի մոնումենտալ ու ոգեղեն տեսարանները:
Ավելի գողտրիկ ու կամերային են <<Մալիշկա գյուղը>>, <<Կեսօր>>, <<Սարերում>> բնապատկերները, որոնցում նկարիչը հաղորդել է տրամադրություն:
Զբաղեցնելով Լենինականի գլխավոր նկարչի պաշտոնը՝ Վարդպարոնյանը բազմիցս օգնել է քաղաքի նկարիչներին՝ նրանց տրամադրելով պատվերներ, նյութեր, անգամ արվեստանոցներ: Երկրաշարժից հետո նրա շնորհիվ շատերը տեղափոխվեցին մայրաքաղաք ու շարունակեցին ստեղծագործել: Այդ հնարավորությունը նրան էլ տրվեց, երբ Երևանի քաղխորհրդի առաջին քարտուղար Գրիգոր Հասրաթյանը, նրան ճանաչելով դեռ Լենինականում համատեղ աշխատանքից, նկարչին առաջարկեց տեղափոխվել մայրաքաղաք և այնտեղ շարունակել իր գործունեությունը: Մեկ ուրիշը անշուշտ կհեռանար աղետյալ քաղաքից, բայց ոչ Վարդպարոնյանը…. Նա <<հավատարիմ>> մնաց իր քաղաքին` գերադասելով Գյումրու դժվար կյանքն ու գյումրեցի նկարչի համեստ կենսակերպը՝ վերջին տարիները նվիրվելով մանկավարժական գործունեության: Խաչատուր Վարդպարոնյանը քաղաքին նվիրեց իր ստեղծագործական լավագույն տարիները, բարեկեցիկ կյանքի հեռանկարը. իսկ միթե հիշում է այսօր Գյումրին իր նկարչին …..